Հայ Եկեղեցու նկատմամբ արշավի ակտիվիստներին, որոնք իրենց հակաիրավական պահվածքն արդարացնում են իբր եվրոպական արժեքներին նվիրվածությամբ, հարկ է համարժեք ուսումնասիրել նույն այդ արժեքներն ու փորձը, ոչ թե սահմանափակվել յուրայինների FB-յան սիրողական գրառումներով: Ձեր պաշտած երկրների մեծ մասում օրենքով անգամ սահմանված է «այլադավանի հարկ» (վճարում են պետական կրոնին չհարող անձինք), ինչը հիմնավորվում է այն փաստարկով, որ Եկեղեցին իրականացնում է նաև համընդհանուր գործառույթներ, ինչի համար ողջ հանրությունը պարտավոր է գոնե մասնակի փոխհատուցել: Որոշ այլադավաններ փորձել են վիճարկել այս պարտավորությունը ՄԻԵԴ-ում, արդյունքի չեն հասել:
Կոնկրետ մեր երկրում, թեպետ եկեղեցական նշանակության պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության ֆինանսավորումը դրված է կառավարության վրա, ինչը պետք է նախատեսվի պետական բյուջեով (բայց այդպես էլ չի նախատեսվում), իրականացնում է Հայ Եկեղեցին՝ իր այն սուղ միջոցների հաշվին, որոնք այդպես ջանասիրաբար փորձում են ուռճացնել հարկերից ազատված ակտիվիստները: Եվ այս ու նմանաբնույթ այլ զարգացումների համատեքստում լռելու փոխարեն, որդեգրել են «խորհրդարանական մեծամասնության» չարաշահմամբ Հայ Եկեղեցուն լրացուցիչ հարկման ենթարկելու խրոխտ կեցվածք: Հավատանք, որ սա չի փոխկապակցվում քաղաքական հաշվեհարդար տեսնելու նկրտումների հետ: Մի փոքր շտրիխ ևս՝ դեռևս բոլշևիկյան հեղափոխության պաթոսով հիմնովին ոչնչացված եկեղեցիներից ու վանքերից զատ, ամբողջովին բռնագրավվել են Մատենադարանում պահպանվող եկեղեցապատկան հին ձեռագրերը, իսկ անկախ պետականության փուլում դա մոռացության է մատնվել:
Հ.Գ. Գուցե որոշ միջազգային կազմակերպություններ մի այլ կարգի գոհ են այս իրավիճակով, սակայն առնվազն ՄԻԵԴ-ի նախադեպային դատական ակտերը այդպիսի ոգևորվածության համար տեղ չեն թողնում:
Գևորգ Դանիելյան